Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղամիջոցներ

Ջերմիջեցնող պատրաստուկներ. անվտանգության կանոնները

Ջերմիջեցնող պատրաստուկներ. անվտանգության կանոնները

Ջերմիջեցնող պատրաստուկները սովորաբար օգտագործում են, նույնիսկ չմտածելով, որ դրանք կարող են հակացուցումներ և կողմնակի արդյունքներ, ինչպես նաև դեղչափաքանակներ ունենալ :

 

Իսկ այդ պատրաստուկների օգտագործման կանոնների խախտումը կարող էանցանկալի հետևանքների հանգեցնել:

 

Ջերմիջեցնող պատրաստուկների ինչպիսի առանձնահատկությունները պետք է հաշվի առնել, սեփական օրգանիզմին չվնասելու, ինչպես նաև` օգնելու համար, որ հաղթահարի հիվանդությունը: 

 

Մի խոսքով, ինչպես ընտրել ջերմիջեցնող դեղամիջոցները:

 

Հրահանգներ օգտագործման համար


Տենդ կամ հիպերթերմիան օրգանիզմի պատասխան արձագանքն է ինֆեկցիոն -բորբոքային ախտընթացին: Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ինֆեկցիայի հարուցիչները դանդաղ են բազմանում, իսկ իմունային համակարգն ակտիվանում է, ավելի շատ իմունագլոբուլիններ և ինտերֆերոններ են ձևավորվում: Այդ պատճառով էլ միշտ չէ, որ պետք է մարմնի բարձր ջերմաստիճանն արագ իջեցնել: Մինչև 38°C ջերմաստիճանը համարվում է պաշտպանական և օգնում է օրգանիզմին դիմադրել: 

 

Ջերմիջեցնող պատրաստուկները, ինչպես ցանկացած այլ դեղամիջոց, կողմնակի արդյունքներ ունեն:

 

Ացետիլսալիցիլաթթուն (ասպիրինը) գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, կարող է ալերգիկ ռեակցիա հրահրել (ասպիրինային բրոնխային ասթմա), իսկ երեխաների մոտ  հնարավոր է Ռեյեի համախտանիշի զարգացում (շատ ծանր ախտընթաց է, որն ուղեկցվում է լյարդի և գլխուղեղի ախտահարումով): 

 

Նատրիումի մետամիզոլը (անալգին) կարող է խանգարել արյան բջիջների ձևավորումը, ներքին արյունահոսություն, ծանր ալերգիկ ռեակցիաներ հրահրել:

 

Պարացետամոլը կարող է ազդել լյարդի վիճակի և աշխատանքի վրա, այն կարող է հեպատոտոքսիկ ազդեցություն ունենալ: 

 

Իբուպրոֆենը և շատ այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ հայտնի են գաստրոպաթիկ ազդեցության ռիսկով (սրտխառնոց, փսխում, ստամոքսի լորձաթաղանթի գրգռում), բացի դրանից, կարող են բացասական ազդեցություն ունենալ արյան բջջային կազմի և երիկամների գործառույթի վրա:

 

Կարևո´ր է. չի կարելի չարաշահել ջերմիջեցնող դեղամիջոցները և դրանք օգտագործել թեթև տկարության դեպքում: 

 

Ընդունելով ջերմիջեցնող դեղպատրաստուկը, հարկ է ուշադիր լինել դեղաչափաքանակի և ընդունելու հաճախականության վրա: Զուգակցված պատրաստուկները, որոնք նշանակվում են մրսածության հիվանդությունների դեպքում, օրինակ, ջրում հեշտ լուծվող «թշշացող» հաբերը և տաք ըմպելիքներ պատրաստելու համար դեղափոշիները, հուսալի և արդյունավետ միջոցներ են, իսկ թողարկվող դեղորայքային ձևը պատճառ է դառնում չարդարացված հաճախակի օգտագործման: Շատերը դրանք օգտագործում են որպես առույգացնող և տաքացնող միջոցներ, սովորական տաք թեյի փոխարեն:

 

Ջերմիջեցնող պատրաստուկների ճիշտ օգտագործման, գերչափաքանակից և կողմնակի արդյունքներից խուսափելու համար, հարկ է հստակ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում մարմնի բարձրացած ջերմաստիճանի դեպքում և ինչպես են ազդում տարբեր  ջերմիջեցնող դեղորայքները: 

 

Մարմնի բարձրացած ջերմաստիճան. ինչպես է դա տեղի ունենում:

 

Բժիշկներն առանձնացնում են ջերմատենդային համախտանիշի զարգացման երեք փուլ.

 

  • ջերմաստիճանի աճող բարձրացում,

  • առավելագույն աստիճան,

  • կարգավորում:

 

Տվյալ փուլով էլ պայմանավորված են բուժական գործողությունները, որոնք ուղղված են ջերմատենդի ախտանշանների և հետևանքների վերացման դեմ:

 

Ջերմատենդի սկզբնական փուլին բնորոշ են հիվանդի ինքազգացողության վատացումը, գլխացավը, մաշկի գունատությունը, ուժեղ դողը:

 

Քրտնարտադրությունը նվազում է, մաշկը չոր ու սառն է դառնում (ենթամաշկային անոթների ջղակծկման հետևանքով): Իսկ փոքրիկ երեխաների մոտ մարմնի բարձր ջերմաստիճանը հաճախ սկսվում է սրտխառնոցով, փսխոցով: 

 

Մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետ հիվանդի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, մկանային ցավ է սկսվում, գլուխը ծանրանում է, հիվանդը շոգում է և արտահայտված թույլ է: Մաշկը վառ վարդագույն երանգ է ստանում, շոշափելիս տաք է և խոնավ: Խանգարվում է նյարդային համակարգի աշխատանքը, ախորժակը վատանում է, կարող է խանգարվել քունը, բայց հիվանդի հիմնական գանգատները վերաբերում են գլխացավին և ընդհանուր տկարությանը: 

 

Ջերմատենդի երրորդ փուլը (երբ մարմնի բարձր ջերմաստիճանն իջնում է) կարող է շատ արագ կամ էլ դանդաղ ընթանալ: Մարմնի ջերմաստիճանի արագ իջնելը ցանկալի չէ, քանի որ այն կարող է ուղեկցվել զարկերակային արյան ճնշման, անոթային տոնուսի իջեցումով և երակազարկի թուլությամբ: Հիվանդն այդ դեպքում բողոքում է գլխապտույտից, թուլությունից, առատ քրտնարտադրությունից:  Իսկ մարմնի ջերմաստիճանի դանդաղ նվազման դեպքում ջերմատենդի ախտանշանները սահուն են վերանում, առանց օրգանիզմի համար ծանրաբեռնվածության: Նման դեպքում հիվանդը սովորաբար ոչ այնքան արտահայտված թուլություն է զգում և իր համար աննկատ քնում է: 

 

Երբ է պետք մարմնի բարձր ջեմաստիճանն իջեցնել: 

 

Այս հարցը միանշանակ պատասխան չունի:

 

Ինչ-որ մեկի համար մարմնի ջերմաստիճանի նույնիսկ 1°С բարձրացումը ուղեկցվում է տհաճ զգացողություններով, իսկ մեկ ուրիշի մոտ էլ պահպանվում է ակտիվությունն ու աշխատունակությունը, նույնիսկ մինչև 38°С ջերմության դեպքում: 

 

Այդ պատճառով էլ ջերմիջեցնող պատրաստուկների ընդունման հարցը պետք է լուծել անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով հիվանդի վիճակի առանձնահատկությունները և հիվանդության ընթացքը: 

 

Բայց կան ընդհանուր հանձնարարականներ, մարմնի բարձր ջերմաստիճանը խորհուրդ է տրվում նվազեցնել, եթե այն բարձր է 38-39°С –ից.

 

  • եթե հիվանդը (երեխա կամ չափահաս) սիրտ-անոթային հիվանդություններ ունի կամ նյարդային, շնչառական համակարգերի քրոնիկական խանգարում, այս դեպքում բարձր ջերմաստիճանը հարկ է իջեցնել, առանց սպասելու, որ այն հասնի ծայրահեղության.

  • եթե հիվանդը ծանր է տանում ջերմատենդը, բարձր ջերմաստիճանը հարկ է իջեցնել.

  • եթե երեխան մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում ջղակծկումներ է ունենում, այն նույնպես հարկ է արագ իջեցնել:   

 

Մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում կարևոր է հիշել.

 

  • առանց բավարար չափով հեղուկ ընդունելու դեղամիջոցը չի օգնի.

  • զուգակցված ջերմիջեցնող և հակամրսածության դեղամիջոցները երեխաների դեպքում ցանկալի չեն.

  • մեծահասակների մարմնի բարձր ջերմաստիճանը կարելի է իջեցնել պարացետամոլի, իբուպրոֆենի, ացետիլսալիցիլաթթվի, նատրիումի մետամիզոլի հիմքով դեղպատրաստուկներով. 

  • մինչև 12 տարեկան երեխաների մարմնի բարձր ջերմաստիճանը կարելի է իջեցնել միայն պարացետամոլի կամ իբուպրոֆենի հիմքով դեղպատրաստուկներով և միայն տարիքին համապատասխան դեղորայքային ձևով ու չափաքանակով, չի կարելի օգտագործել սովորական դեղպատրաստուկները` պարզապես նվազեցնելով չափաքանակը: 

 

Ինչ տարբերություններ ունեն տարբեր ջերմիջեցնող պատրաստուկները

 

Բոլոր ջերմ իջեցնող պատրաստուկների կազմի մեջ կան հետևյալ 4 բաղադրատարրերից մեկնումեկը` պարացետամոլ, իբուպրոֆեն, ացետիլսալիցիլաթթու կամ նատրումի մետամիզոլ:

 

Պարացետամոլը արտահայտված ջերմությունն իջեցնող և ցավազրկող ազդեցություն ունի: Այն դանդաղ և բավական երկար ժամանակ իջեցնում է մարմնի բարձր ջերմաստիճանը, ինչպես նաև հանգստացնում է գլխացավը և մկանային ցավը: Դրա հետ մեկտեղ, պարացետամոլը հազվադեպ է մարսողական, նյարդային և արյունաստեղծ համակարգերում բարդություններ առաջացնում: Այն պետք է ընդունել օրական 4 անգամ, մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին` 500-ական մգ կամ 1-ական գ, իսկ 3 ամսականից մինչև 12 տարեկան երեխաներին` ըստ տարիքային չափաքանակի, որը գրված է պատրաստուկի հրահանգում: 

 

Կարևո´ր է. մինչև 12 տարեկան երեխաների մոտ մարմնի բարձր ջերմաստիճանը իջեցնելու համար օգտագործում են միայն այն ջերմիջեցնող պատրաստուկները, որոնք պարացետամոլի կամ իբուպրոֆենի հիմքով են և միայն տարիքային համապատասխան դեղորայքային ձևերով:

 

Իբուպրոֆենը սկսում է ազդել բավական արագ և երկարատև ջերմիջեցնող արդյունք ունի: Բացի դրանից, այն ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն ունի, իսկ վերջերս էլ նոր տեղեկություններ են երևան եկել, որ իբուպրոֆենի ընդունումը դրական է ազդում իմունային համակարգի աշխատանքի վրա: Այն պետք է ընդունել օրական 3-4 անգամ, չափահասները` 200-400-ական մգ, իսկ երեխաները` ըստ տարիքային դեղչափաքանակի: 

 

Կարևո´ր է. ացետիլսալիցիլաթթուն օգտագործվում է 15 տարեկանից բարձր հիվանդների համար, օրական 3 անգամից ոչ ավելի, 250-300-ական մգ:

 

Ացետիլսալիցիլաթթուն նույնպես, ինչպես և իբուպրոֆենը, ջերմիջեցնող, հակաբորբոքային և ցավազրկող ազդեցություն ունի, բայց առավել հաճախ է կողմնակի ազդեցություններ առաջացնում` արյան մակարդելիության խանգարում, շնչառական ուղիների ջղակծկում, ստամոքսի լորձաթաղանթի գրգռում և այլն:

 

Նատրիումի մետամիզոլն առավել արտահայտված ցավազրկող ազդեցություն ունի և ավելի պակաս ջերմիջեցնող ու հակաբորբոքային հատկություն: Մարմնի բարձր ջերմաստիճանն իջեցնելու համար առավելապես կիրառվում է ներերակային ներարկումը, երբ ջերմությունն իջեցնելու խիստ անհրաժեշտ կարիք է զգացվում: Առանց բժշկի նշանակման, դեղամիջոցն այդ նպատակով ինքնուրույն օգտագործել խորհուրդ չի տրվում, որովհետև բարձր է ծանր ալերգիկ ռեակցիայի հավանականությունը և արյունաստեղծ համակարգի վրա կողմնակի ազդեցությունը: 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ